Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը. Ալար Կարիս
Էստոնիան ցանկանում է Հարավային Կովկասի տարածաշրջանը տեսնել խաղաղ և կայուն, ինչը նաև անհրաժեշտ նախապայման է Հայաստանի հաջող և բարգավաճ ապագայի համար: Այս մասին հայտնել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսն՝ ամփոփելով Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ տեղի ունեցած հանդիպումը:
«Մենք հուսով ենք, որ լարվածությունը կկարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե դաժան հակամարտությունների պայմաններում: Շատ կարևոր է հասնել համապարփակ և կայուն խաղաղության բանակցությունների միջոցով՝ միջազգային հանրության աջակցությամբ», -գրել է Ալար Կարիսն իր Facebook-ի պաշտոնական էջում։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունն Էստոնիայի նախագահը շեշտել է նաև Twitter-ի իր էջում՝ նաև աջակցություն հայտնելով ԵՄ դիտորդական առաքելությանը:
«Էստոնիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին», – գրել է նա:
Հայաստանի իր գործընկերոջ հետ տեղի ունեցած հանդիպմանն անդրադառնալով՝ Էստոնիայի նախագահը նաև նշել է, որ Հայաստանի և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագիրը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունն աստիճանաբար խորացնում են Հայաստանի և ԵՄ-ի միջև կապերը, ինչը լավ հնարավորություն է՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էլեկտրոնային կառավարումը, նորարարությունը, տեխնոլոգիաները, կրթությունը և մշակույթը:
Էստոնիայի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփելիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել էր, որ իր էստոնացի գործընկերոջ հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկել է հայ-էստոնական հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարներն, ինչպես նաև երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցերի լայն շրջանակ: ՀՀ նախագահը շեշտել էր, որ Հայաստանը միշտ կարևորություն է տալիս Էստոնիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը, որի համար առկա են բոլոր նախադրյալները: