Շոտլանդիայում ուսուցիչները 16-օրյա գործադուլ են սկսել
Շոտլանդիայում ուսուցիչները կազմակերպել են 16 բողոքի ակցիաներից առաջինը` ապրուստի գների ռեկորդային բարձրացման պայմաններում պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից:
«Շոտլանդիայում ուսուցիչներն սկսում են գործադուլների 16-օրյա ծրագիր», – ասել է Sky News-ի թղթակիցը հեռուստաալիքի ուղիղ եթերում։
Գործադուլները կանցկացվեն միայն աշխատանքային օրերին՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ, ուստի բողոքի 16 ակցիաները կտևեն ավելի քան երեք շաբաթ և կավարտվեն փետրվարի 6-ին։
Գործադուլի յուրաքանչյուր օր ակցիայի դուրս կգան երկու տարբեր համայնքների ուսուցիչներ։
Արդյունքում Շոտլանդիայի բոլոր 32 շրջանների ուսուցիչները գործադուլ են անելու: Երկուշաբթի օրը բողոքներն ընդգրկում են Գլազգո քաղաքը, որտեղ կփակվեն բոլոր դպրոցները, և Իստ Լոթիան շրջանը, որտեղ պարապմունքները նույնպես կչեղարկվեն բոլոր աշակերտների համար, բացառությամբ ընդունելության քննություններ հանձնողների։
Ուսուցիչներն ավելի վաղ մերժել են աշխատավարձերը 5%-ով բարձրացնելու՝ իշխանությունների կրկին արված առաջարկը և պահանջում են աշխատավարձերի բարձրացում 10%-ով։ Անցյալ տարվա նոյեմբերի վերջին Շոտլանդիայի գրեթե բոլոր դպրոցները փակվել Էին ուսուցիչների համազգային գործադուլի պատճառով, որոնք պահանջում էին աշխատավարձը բարձրացնել 10%-ով։
Ըստ Sky News-ի՝ դա Շոտլանդիայում մանկավարժների առաջին համազգային գործադուլն էր 1980-ականներից ի վեր։ Բաց էին մնացել միայն Օրքնեյան և Շետլանդյան կղզիների մի քանի տարրական դպրոցներ:
Մեծ Բրիտանիայում ռեկորդային գնաճի ֆոնին գործադուլների ալիք է դիտվում։ Բողոքի են դուրս գալիս երկաթուղային ընկերությունների աշխատակիցները, փաստաբանները, օդանավակայանի աշխատակիցները, փոստատարները և այլ ոլորտների աշխատողներ։