ԱՄՆ-ն սկսել Է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ընդլայնված ծրագիր Գերմանիայում
Միացյալ Նահանգները հունվարի 15-ին Գերմանիայում սկսել է ուկրաինացի զինվորականների վերապատրաստման ընդլայնված ծրագիր։ ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլիի խոսքով՝ նախատեսվում է, որ մոտ 500-հոգանոց գումարտակը մարտական գործողությունների շրջան կվերադառնա հինգից ութ շաբաթվա ընթացքում։
Միլլին, որը մտադիր է այսօր այցելել վարժանքների անցկացման վայր՝ Բավարիայում գտնվող Գրաֆենվյորի ամերիկյան ռազմակայան, ասել է, որ ծրագրի մասնակիցները մի քանի օր առաջ են մեկնել Ուկրաինայից, և Գերմանիայում կծանոթանան սպառազինությունների և սարքավորումների ամբողջական փաթեթի հետ:
Համապարփակ վարժանքները նախատեսում են կատարելագործել ուկրաինացի զինվորականների հմտությունները, որպեսզի նրանք կարողանան աշխատել Կիևին մատակարարվող զինամթերքով, հրետանային համակարգերով, տանկերով և այլ տեխնիկայով։
ԱՄՆ Զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավարը նշել է, որ խնդիր է դրված Ուկրաինային մատակարարվող նոր սպառազինությունն ու սարքավորումները ժամանակին տեղ հասցնել, որպեսզի նոր վերապատրաստում անցած զինվորականները կարողանան դրանք գործի դնել նախքան «գարնանային անձրևները»։
Գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ն արդեն վերապատրաստման ծրագրեր է անցկացրել ավելի քան 3100 ուկրաինացի զինծառայողների համար։ Ընդ որում, Միլլին ասել է, որ նման վերապատրաստում իրականացվել է նաև մինչև 2022 թ. փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկը: Նա նաև շեշտել է, որ հակամարտության սկսվելուց հետո ԱՄՆ Ազգային գվարդիայի և հատուկ գործողությունների ուժերը, որոնք վերապատրաստում էին անցկացնում Ուկրաինայի տարածքում, լքել են երկիրը: