Պոլսի հայոց պատրիարքարանը եկեղեցու շարքերից հեռացրել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին. նման որոշում չի կայացվել ավելի քան մեկ դար
Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը բանադրել է (հեռացնել եկեղեցու շարքերից) պոլսահայ համայնքի ներկայացուցիչներից մեկին: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:
Պատրիարքարանի այս որոշումը աղմուկ է բարձրացրել համայնքում, քանի որ նման որոշում եկեղեցին չէր կայացրել իր հոտի անդամների վերաբերյալ ավելի քան մեկ դար:
Նշվում է, որ պոլսահայ ոսկերիչ Լևոն Գագաչյանի՝ հայ առաքելական եկեղեցուն անդամակցելը կասեցնելու որոշման պատճառը եղել է սոցիալական ցանցերում պատրիարքարանի ու դրա ղեկավար հոգևորականների հասցեին նրա արած գրառումները: Պատրիարքարանի հայտարարության մեջ նշվում է, որ Գագաչյանին 1 շաբաթ ժամանակ է տրվել սոցմեդիայում պատրիարքի ու եկեղեցու մյուս ծառայողների մասին գրառումները դադարեցնելու, եղածները ջնջելու և ապաշխարելու համար:
Այնուհետև այդ ժամանակը երկարացվել է Սուրբ Ծնունդի կապակցությամբ, սակայն Գագաչյանը շարունակել է գործել նույն կերպ։
«Հանրությանը հայտնում ենք, որ սկսյալ հունվարի 14-ից նրա կապերն այլևս խզված են հայ եկեղեցու հետ»,- ասված է պատրիարքոարանի հայտարարությունում:
Գագաչյանն այդ թեմայով հարցազրույց է տվել թուրքական առաջատար «Hürriyet» իշխանամերձ թերթի կայքին: Նա պնդել է, որ պարտիարքարանի որոշումն իր համար անակնկալ է եղել, քանի որ դրանից առաջ պատրիարքը իրեն հրավիրել էր իր մոտ, նրանք զրուցել ու համաձայնության էին եկել: Ըստ Գագաչյանի՝ նրանք պայմանավորվել էին, որ ինքը կջնջի գրառումներն ու այսուհետև խնդիրների մասին կասի ուղիղ պատրիարքին:
«Բանադրման որոշումը կարդալիս շատ զարմացա: Թուրքիայի պատրիարքությունը այդ բանն անելու իրավունքը չունի: Իմ խնդիրը եկեղեցին չէ, անձերն են: Ինձ ուղարկած որոշման տակ ստորագրած բոլոր անձանց դատի եմ տալու»,- ասել է Գագաչյանը: