Գյումրու փոխքաղաքապետ կդառնա Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը

Գյումրի քաղաքի փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի` ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դառնալուց հետո թափուր մնացած նրա պաշտոնը օրերս կհամալրվի։

168.am-ի տեղեկություններով` այդ պաշտոնում կնշանակվի Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը։
Վերջինս 28 տարեկան է, ավարտել է Բժշկական համալսարանը։ Մասնագիտությամբ ատամնաբույժ է։

Բայց նրա գլխավոր «արժանիքը», որի համար Վահագն Մկրտչյանը կդառնա Գյումրու փոխքաղաքապետ, այն է, որ վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս երիտասարդը 17 տարեկանից Գյումրիում չի ապրել մինչև անցյալ տարի։ Ուսումն ավարտելուց հետո վերադարձել է Գյումրի, ուր նրա հայրը Տերյան փողոցում գտնվող իրենց անձնական բիզնես համարվող ապակիների և հայելիների արտադրամասի վերջին հարկում բացել է «Բիոդենտ» ատամնաբուժարանը ու նվիրել որդուն։

Այսինքն` արձանագրենք, որ իր մեծությամբ ՀՀ երկրորդ քաղաքի փոխքաղաքապետ կդառնա բացարձակապես կառավարչական զրո փորձ ունեցող անձ։

Բայց դա նրան պետք չէ. Աննա Հակոբյանի ազգականը լինելու պարագայում նման մանրուքները կարևոր չեն։

Իսկ Նիկոլ Փաշինյանը հաջորդ ասուլիսի ժամանակ այս փաստը կարող է ներառել իր ձեռքբերումների թվում։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս