Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականները հետաքննություն են սկսել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ. CNN

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հանրապետական ​​Մայքլ Մաքքոլը դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն՝ օրենսդիրներից պահանջելով տրամադրել փաստաթղթեր, որոնք կապված են 2021 թ.-ին Աֆղանստանից ամերիկյան զորքերի «քաոսային» դուրսբերման հետ. սա այդ իրադարձությունների հետաքննության պաշտոնական սկիզբ է նշանակում։ Այս մասին հայտնել է CNN-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Մաքքոլը պետքարտուղարությանը հնարավորություն է ընձեռել հարցմանը պատասխանել մինչև հունվարի 26-ը և սպառնացել է դատաքննությամբ, եթե պատասխան չլինի։ «Անհրաժեշտ է, որ պետքարտուղարությունը սպառիչ պատասխաններ տրամադրի վաղուց կատարված հարցումներին. հանձնաժողովը չի հանդուրժի հետագա ձգձգումներ:

Պայմանների չկատարման դեպքում հանձնաժողովը կօգտագործի իր լիազորությունները՝ ապահովելու հարցումների կատարումը, այդ թվում՝ հարկադրական միջոցների կիրառմամբ», – ասված է Մաքքոլի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում, որը հայտնվել է CNN-ի տրամադրության տակ: Նամակում Մաքքոլը պահանջել է բոլոր միջգերատեսչական խորհրդակցությունների ցանկը, որոնցում նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք քննարկվել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման թեման։ Նա նաև խնդրել է տեղեկատվություն տրամադրել 2021 թ.-ի հունվարից ի վեր արմատական ​​«Թալիբան» շարժման անդամների հետ ԱՄՆ ներկայացուցիչների բոլոր հանդիպումների մասին:

Բացի զորքերի դուրսբերման պլանավորումից և դուրսբերման գործընթացի ուսումնասիրությունից, հանձնաժողովը նաև հետաքրքրված է այս որոշման հետևանքների ուսումնասիրությամբ: Մասնավորապես, հանրապետականները ցանկանում են պարզել ԱՄՆ-ի քաղաքականությունը Աֆղանստանին ցույց տրվող օգնության շուրջ, հստակեցնել թալիբների հետ հարաբերությունների ներկա կարգավիճակը և աֆղաններին վիզաների տրամադրման հետ կապված իրադրությունը: CNN-ը նշում է, որ 2022 թ.-ին Մաքքոլը և այլ հանրապետականներ առնվազն երեք հարցում են ուղարկել պետքարտուղարություն՝ պահանջվող տեղեկատվության տրամադրման վերաբերյալ։

Սակայն այն ժամանակ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն չէին կազմում, և գերատեսչությունը չի տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։ Բայդենը 2021 թ. ապրիլի 14-ին հայտարարեց, որ որոշում է կայացրել դադարեցնել ամերիկյան ուժերի գործողությունն Աֆղանստանում, որը դարձել Է ամերիկյան պատմության մեջ ամենաերկարատև օտարերկրյա ռազմական առաքելությունը։

ԱՄՆ-ն Աֆղանստանում պատերազմ էր սկսել 2001 թ. հոկտեմբերին։ Ամերիկյան զորքերի դուրսբերումը մեկնարկել է 2021 թ. մայիսին և ավարտվել սեպտեմբերի սկզբին։ 2010-2013 թթ. ԱՄՆ-ի գործողության ամենաթեժ շրջանում Աֆղանստանում արևմտյան ուժերի թվաքանակը գերազանցել է 150 հազարը։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հիմնական մարտական զորամասերն Աֆղանստանից դուրս են բերվել 2014 թ.-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս