Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռեւս անհասանելի են
Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռեւս անհասանելի են։
Ինչպես տեղեկացրել են «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունում, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։ Ընկերությունից այլ մեկնաբանություններ ստանալ առայժմ չի հաջողվել։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական կողմը այսպես կոչված «բնապահպանների» ակցիայի իրականացման վայրում կտրել են Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս նորոգել նաեւ միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որն Արցախը սնում է Հայաստանից, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է ադրբեջանական կողմի միտումնավորությունը կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքների աշխատանքը կաթվածահար անելու գործում՝ պետություններին եւ միջազգային կառույցներին եւ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային կոչ անելով վերջ դնել ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների խումբն իբր բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ առաջադրելով նաեւ քաղաքական պահանջներ։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։