Ձերբակալվել են գիշերային ակումբի ապակյա դռները կոտրած, վիճաբանած և հայհոյանքներ հնչեցրած երիտասարդները
Հունվարի 13-ին, ժամը 02.19-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայի ակումբներից մեկում մի խումբ մարդիկ վիճաբանում են:
Մեկնել է ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հաշիվը չվճարելու շուրջ չորս երիտասարդներ վիճել են ակումբի անվտանգության աշխատակիցների հետ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ՝ տևական ժամանակ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը, իսկ 34-ամյա երիտասարդը իր վարած «ԲՄՎ»-ով հարվածել և կոտրել է ակումբի նախասրահի ապակյա դռները:
Ժամը 03.00-ին ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով, ձերբակալել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել չորս երիտասարդներին:
Կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմին: