Ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը. Արցախի ԱԺ նախագահ
Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև: Հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ արթուր Թովմասյանը:
«Հունվարի 12-ին լրացել է Արցախի Հանրապետության շրջափակման 32-րդ օրը՝ օրացուցային 1 ամիսը:
Գնալով Ադրբեջանը սաստկացնում է ճնշումները: Արդեն 4-րդ օրն է՝ խափանված է Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրագիծը, որի վերականգնողական աշխատանքների իրականացմանը խոչընդոտում է ադրբեջանական կողմը:
Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:
Ինչ է ուզում ադրբեջանական ռազմաքաղաքական իշխանությունը՝ պարզ է, և ինչ է ուզում Արցախի ժողովուրդը՝ նույնպես:
Արցախում շարունակվում է աննախադեպ ծանր իրավիճակը: Շրջափակման հետևանքով սաստկանում է ճգնաժամը:
Ադրբեջանի և Արցախի Հանրապետությունների միջև քաղաքական և հումանիտար բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն ու միայն փոխվստահության մթնոլորտում: Ցավոք, այսօր բացակայում է այդ մթնոլորտը, դեռ ավելին ՝ շրջափակումը կողմերին ավելի է հեռացրել նման կարգի բանակցություններ սկսելու հնարավորությունից:
Այս առումով ակնկալում ենք միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների աջակցությունը:
Արցախի ժողովուրդը անկոտրում է»,- նշված է Արցախի ԱԺ նախագահի հայտարարության մեջ: