Սոցիալիստական Ինտերնացիոնալն Ադրբեջանին հորդորել է բացել Լաչինի միջանցքը

ՀՅ Դաշնակցության առաջարկով Սոցիալիստական Ինտերնացիոնալը (Ընկերվար Միջազգայնական) անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակին։

Հունվարի 11-ին «Սոցիալիստական Ինտերնացիոնալի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» վերտառությամբ ընդունված հայտարարությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Սոցիալիստական Ինտերնացիոնալն իր մտահոգությունն է հայտնում Լաչինի միջանցքի` որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև եզակի ցամաքային կապի, արգելափակման առնչությամբ։

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։
Հումանիտար իրավիճակը ծայրաստիճան լարված է, ուստի Սոցիալիստական Ինտերնացիոնալը կողմերին խստորեն հորդորում է գնալ երկխոսության և բանակցությունների, կանխել արգելափակման հետևանքով խաղաղ բնակչության հումանիտար ճգնաժամը:

ՀՅ Դաշնակցությունը շարունակում է Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների միջոցով, ինչպես նաև կուսակցության արտաքին քաղաքական հնարավորություններով լայնածավալ աշխատանքներ տանել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, միջազգային զորակցության ապահովման և Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումների առաջացման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս