
Ադրբեջանը թույլ չի տալիս վերականգնողական աշխատանքներ իրականացնել Արցախը Հայաստանից սնուցող միակ էլեկտրական գծի վթարի

Ադրբեջանը թույլ չի տալիս վթավերականգնողական աշխատանքներ իրականացնել այն հատվածում, որտեղ վթարվել է Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գիծը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնեցին Արցախի օպերատիվ շտաբից:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։ Որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։ Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարելի է տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից: