Արդյոք Հայաստանը դիտարկո՞ւմ է իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, որի դեպքում կարող է դադարեցնել անդամակցությունը ՀԱՊԿ-ին

168.am-ն այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղեց. «Արդյո՞ք ՀՀ-ն դիտարկում է իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, որի դեպքում կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այո, ապա ո՞ր դեպքում դա կարող է լինել: Արդեն 1.5 տարի է, ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, անկախ այն հանգամանքից, որ ՌԴ-ն՝ լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, չի կատարում իր պարտականությունները, արդյո՞ք իշխանությունը կատարում է իր պարտականությունները, եթե այո, ապա ինչպե՞ս, եթե չի կատարում, ապա սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու դեպքում ի՞նչ կարող է դրան հետևել»:

Ի պատասխան՝ Փաշինյանը հետևյալն ասաց. «Ընդունելով Ձեր հարցի ենթատեքստը, ուզում եմ ասել, որ ադրբեջանական ԶՈւ-ն մեկ ու կես տարի չէ, որ ՀՀ տարածքում է, 30 տարի է, որ ՀՀ տարածքում են, որովհետև Ադրբեջանի ԶՈւ-ն 90-ականների սկզբից տասնյակ քառակուսի կիլոմետրերով շուրջ 70-ից ավելի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել՝ ՀՀ-ից, մասնավորապես՝ Տավուշի մարզում, Արարատի մարզում և այսպես շարունակ: Այսինքն՝ մենք այս իրողությունը պետք է արձանագրենք: Եվ այո, Դուք ճիշտ եք, վերջին 1.5 տարվա ընթացքում, 2021թ. մայիսից, Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ նոր տարածքներ, և մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է դուրս գան այդ տարածքներից, և մենք հետևողականորեն կիրագործենք բոլոր դիվանագիտական միջոցները՝ այդ նպատակին հասնելու համար: Մեզ համար կարևոր է նաև, որ մենք նոր սադրանքի պատճառ չդառնանք, և մեր գործողությունները բխում են այս տրամաբանությունից»:

Ինչ վերաբերում է մեր հարցի առաջին հատվածին, նա նշեց, որ նախկինում հրապարակային ասել է՝ իրադրության դիտանկյունի հարց է. «Կարելի է ասել, որ հնարավո՞ր է Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, կամ կարելի է ասել՝ հնարավո՞ր է, որ ՀԱՊԿ-ը դուրս գա Հայաստանից, կամ՝ հնարավո՞ր է, որ այս ամբողջ իրավիճակը նշանակում է, որ ՀԱՊԿ-ը ՀՀ-ից դուրս գալու մտադրություն ունի: Դուք տեսնում եք, որ ես իմ գնահատականները հնչեցրի, այդ գնահատականներն օբյեկտիվ են, մենք առաջնորդվում ենք ՀՀ պետական շահերով, և սրանից հետո էլ կառաջնորդվենք ՀՀ պետական շահերով՝ որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում ճշգրտելու, պահպանելու կամ փոխելու ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս