Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո

Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Այս մասին հաղորդում է ԱրցախԷներգո-ն։

«Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) եւ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հայտարարություններից։

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշվում է հաղորդման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս