Լաչինի միջանցքի հարցով իրավական պատասխանատվությունը Ադրբեջանինն ու ՌԴ-ինն է. ՀՀ-ի մասով որևէ բան չկա. Նիկոլ Փաշինյան

«Չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու՝ տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, և մեծ հաշվով ավելացնելու ոչ մի բան չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական տելեգրամյան որոշ ալիքների հրապարակմանը, թե ՀՀ իշխանությունը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին, որ եթե մինչև հունվարի 10-ը Բերձորի միջանցքը չբացվի, ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին է հայտարարելու:

Փաշինյանն անդրադարձավ նաև քննադատություններին, որ ՀՀ իշխանությունները չեն կատարում գործուն քայլեր՝ Բերձորի միջանցքը բացելու ուղղությամբ:

«Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, առաջին հերթին, ԼՂ հայության սեփական հայրենիքում ապրելու կամքը կոտրելու նպատակ ունի, և սա է ամենակարևոր կոնտեքստը խնդրի: ՀՀ կառավարության դիրքորոշումներն արտահայտվել են, և մենք կարծում ենք, որ մեր գործիքակազմը պետք է լինի դիվանագիտական, այն է՝ միջազգային հնարավորինս մեծ ճնշում գործադրել՝ Լաչինի միջանցքը բացելու հարցում:

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքի վերաբերյալ իրավական պարտավորություններ են դրված Ադրբեջանի և ՌԴ-ի վրա: Եթե ուշադրություն եք դարձրել, եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որը վերաբերում է Լաչինի միջանցքին, ՀՀ վերաբերյալ որևէ ձևակերպում չկա: Մենք կարծում ենք, որ այս առումով էլ մեր գործողությունները պետք է լինեն լիարժեք լեգիտիմ, և մենք այս գործընթացում, և ընդհանրապես, մեր բոլոր գործողություններում, լեգիտիմությունը համարում ենք առանցքային նշանակություն ունեցող:

Ուզում եմ հիշեցնել, որ 2022թ. ՀՀ-ն ԼՂ-ին աննախադեպ ծավալի, ավելի, քան 170 մլրդ դրամի աջակցություն է ցուցաբերել, և մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել ԼՂ մեր հայրենակիցներին: Հումանիտար ճգնաժամը կառավարելու հարցում ԼՂ ժողովրդին աջակցություն ցուցաբերելու համար փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ ձևավորված է աշխատանքային խումբ: ՄԱԿ-ի ԱԽ հարթակում ենք հարցը բարձրացրել, և այն շարունակում է մնալ ՄԱԿ ԱԽ օրակարգում: Իհարկե, ՌԴ խաղաղապահ զորախմբի վերաբերյալ էլ ես դիրքորոշում արտահայտել եմ տվյալ իրավիճակում, և պետք է ևս մեկ անգամ ուշադրություն հրավիրեմ այն փաստի վրա, որ այո, ՌԴ խաղաղապահ զորախումբը պետք է ապահովի Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը: Դա հստակ ձևակերպված է եռակողմ հայտարարության մեջ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ի հեճուկս պայմանավորվածությունների՝ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահների մանդատը չի ստորագրել:

«ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներն այդ մանդատը ստորագրել են: Ադրբեջանը չի ստորագրել, բայց եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, այդ փաստաթղթում չկա որևէ նշում, որ այն ուժի մեջ է մտնում միայն երեք կողմերի ստորագրելուց հետո: Բայց համենայնդեպս, ես համարում եմ, որ այդ փաստաթուղթը, որպես շարունակություն եռակողմ հայտարարության, գոյություն ունի: Մենք այդ հարաբերությունները պատկերացնում ենք հենց այդ շրջանակում, չնայած, առանց այդ շրջանակի էլ, եռակողմ հայտարարությունն այդ հարցերի պատասխանը տալիս է՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո: Դա նշանակում է, որ որևէ այլ սուբյեկտ Լաչինի միջանցքում վերահսկողություն պիտի չունենա:

Մենք ակնկալում ենք, որ սա կատարվի: Եվ այստեղ խոսքը նաև Ադրբեջանի պայմանագրունակության մասին է, որովհետև ի վերջո, միջազգայնորեն ստանձնված պարտականությունները պետք է կատարվեն: Սրանից առաջ էլ Ադրբեջանը փորձ է արել պնդել, թե Ադրբեջանը եռակողմ հայտարարությամբ ստանձնած ինչ-որ պարտավորություններ չի կատարել, դա բացարձակապես մտացածին է և իրականությանը չի համապատասխանում: Ամեն ինչ չէ, որ Ադրբեջանի կողմից կատարվել է, և դա ակնհայտ է, ներառյալ՝ գերիների վերադարձը, և այդպես շարունակ: Ի հեճուկս նրա, որ եռակողմ հայտարարության մեջ ընդգծվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ ԼՂ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը, բայց մինչև հիմա, օրինակ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչները ԼՂ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել: Էլ չեմ ասում՝ Հադրութից բռնագաղթած մեր հայրենակիցները, ովքեր մինչև այսօր որևէ հնարավորություն չեն ունեցել վերադառնալ իրենց տներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս