Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ․ հայտարարություն
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ․
Անհապաղ ջանքեր են անհրաժեշտ Ստեփականերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ՝ օդային ճանապարհով հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով
Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական շրջափակումը, որը կոպտորեն խախտում է Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող կյանքի ճանապարհը, գոյութենական լրջագույն սպառնալիք է ստեղծել այնտեղ ապրող շուրջ 120,000 հայերի համար։ Սրանով Ադրբեջանն առնվազն բռնի տեղահանության հիմքեր է ստեղծում, դրանով իսկ վարելով էթնիկ զտումների հստակ քաղաքականություն։
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատանդ է մնացել մի երկրի ձեռքում, որը չնայած ձգտում է մոտ լինել Եվրոպային, սակայն այսօրինակ իր գործողություններով կոպտորեն ոտնահարում և արհամարհում է համամարդկային քաղաքակրթական արժեքները։
Լաչինի միջանցքի երկարատև շրջափակումը հանգեցրել է ահագնացող հումանիտար ճգնաժամի, ինչը կարող է վերածվել հումանիտար աղետի։ Զգալի է դարձել առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը։ Փաստացի, Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա բաժանվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում։
Ադրբեջանը պարտավոր է անհապաղ դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը և իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակում երաշխավորել այդ կյանքի ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակիչների ազատ տեղաշարժը և տրանսպորտային միջոցների ու բեռների երթևեկության անվտանգությունը։
Կոչ ենք անում ողջ առաջադեմ մարդկությանը և համապատասխան միջազգային կառույցներին ներդնել իրենց բոլոր ջանքերը՝ կանխարգելելու հնարավոր նոր ցեղասպանությունը, ինչպես նաև պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի բնակչության բոլոր հիմնարար իրավունքները։
Միևնույն ժամանակ կոչ ենք անում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, այլ միջազգային կառույցներին ու շահագրգիռ պետություններին անհապաղ ջանքեր գործադրել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ուղղությամբ և երաշխիքներ ապահովել օդային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հրատապ հումանիտար աջակցություն հասցնելու նպատակով։
Վերահաստատում ենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը, որն ամբողջովին հիմնված է համամարդկային արժեքների ու հումանիտար սկզբունքների վրա։
«Հայաստան» համահայկական հիմնադրամ