Ստեփանակերտի Մայր տաճարում Սուրբ Ծննդյան պատարագ է մատուցվել

Այսօր` հունվարի 6-ին, Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ մատուցվել է Սուրբ Ծննդյան պատարագ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Սուրբ Ծննդյան պատարագից անմիջապես հետո կատարվել է Ջրօրհնեքի կարգ, որը Քրիստոսի մկրտության խորհուրդն ունի։
Խաչքավոր է կարգվել Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարի պաշտոնակատար Արամ Սարգսյանը։

Մեզ հետ զրույցում Տեր Վրթանես եպիակոպոս Աբրահամյանն ասել է, որ Սուրբ Ծննդյան պատարագից հետո տեղի է ունենում Մկրտության, այսինքն՝ Աստվածահայտնության տոնը, որին մասնակցում են աշխարհիկներ՝ ի դեմա խաչքավորի, ով դառնում է եկեղեցու տարվա քավորը։

Անդրադառնալով  օրվա խորհրդին՝ Սրբազանն ասել է, որ Աստված այնքան է սիրում մարդկանց, որ նույնիսկ իր Միածին Որդուն ուղարկեց,որպեսզի Նրան հավատալու շնորհիվ մարդկանց մեջ տիրի սեր և հաճություն, երկրի վրա՝ խաղաղություն։

«Հենց սա է Աստծո համար ամենացանկալի փառաբանությունը։ Այսօր ազգային մեր կյանքում տեղ գտած փորձությունների և Արցախի արհեստական մեկուսացման պայմաններում մեր ականջներին քաղցր է հնչում Սուրբ Ծննդյան խաղաղության ավետիսը։ Բայց և փոթորկվում է բոլորիս միտքն ու հոգին։ Քրիստոսով Աստված բացեց մեզ համար երկնքի արքայության ճանապարհը և հրավիրեց բոլորին ազատորեն քայլելու այդ ճանապարհով։ Սա նշանակում է, որ Աստված մեզ տվեց խաղաղության համար բոլոր գործիքները,ցույց տվեց դրանց կիրառության եղանակներն ու արդյունքը,և մշտապես սպասում է մեր պատասխան քայլերին»,-ասել է Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս