
«Էկոակտիվիստների ակցիան կշարունակվի մինչև արդյունքի հասնելը»․ Ալիզադե

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության էկոլոգիական անվտանգության պետական ծառայության ղեկավար Հիքմեթ Ալիզադեն այսօր ասել է, թե Լաչինի միջանցքում իբրև «էկոակտիվիստներ» ներկայացողները կշարունակեն ակցիան մինչև արդյունքի հասնելը, գրում է «Ազատությունը»։
«Ակցիայի մասնակիցները պահանջում են այդ տարածքում մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ: Կարծում եմ՝ ակցիան կշարունակվի այնքան ժամանակ, որքան կպահանջվի արդյունքի հասնելու համար»,- ասել է Ալիզադեն:
Լաչինի միջանցքում մի խումբ ադրբեջանցիներ, ովքեր ներկայանում են որպես «էկոակտիվիստներ», փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 120 հազար արցախահայերին մարդասիրական ծանր ճգնաժամ է սպառնում:
Այսօր ճանապարհի արգելափակման 26-րդ օրն է: Լեռնային Ղարաբաղում ի հայտ է եկել պարենի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքի խիստ պակաս: