HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել
HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունից։
«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», – նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։
HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։
«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։
Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող Լաչինի միջանցը դեկտեմբերի 12-ից փակ է որպես «բնապահպանական ակտիվիստներ» ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից։ Ադրբեջանն անտեսել է միջանցքը բացելու՝ աշխարհի տարբեր երկրների և կազմակերպությունների կոչերը։