
Աֆղանստանի դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել. կա 35 զոհ

Առնվազն 35 մարդ է զոհվել, ևս 23-ը՝ տուժել նոյեմբերի 30-ին Աֆղանստանի հյուսիսային Սամանգանի նահանգում գտնվող կրոնական դպրոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ զոհերի մեծ մասը դպրոցի աշակերտներ են:
Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, առայժմ չի հստակեցվում: Միջադեպը տեղի է ունեցել նահանգի վարչական կենտրոն Այբաքում՝ կեսօրյա աղոթքի ժամանակ: «Թալիբան» շարժման կողմից նշանակված տեղական վարչակազմի ներկայացուցիչների կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն ստացվել: Ավելի վաղ Tolo News հեռուստաալիքը, վկայակոչեով բժիշկներին, տեղեկացրել էր, որ զոհվել է առնվազն 15 մարդ, ևս 27-ը՝ տուժել Սամանգանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Al Jazeera հեռուստաալիքի վարկածով, որը վկայակոչում է թալիբների կառավարության մի պաշտոնյայի, պայթյունի ժամանակ զոհվել է 23 մարդ, ևս 30-ը՝ տուժել: