
Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու

Մասնակի զորահավաքի շրջանակներում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ և կամավորներ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ուսումնական կենտրոններում պատրաստում են անցել մարտական մեքենաների և տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի և ռադիոէլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրների շուրջ ութ հազար անձնակազմեր», – հայտարարել է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 30-ին կայացած կոլեգիայի նիստում:
Նրա խոսքով՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի է դրվել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան: «Զինծառայողներն ստացել են գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական և հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես էլ ստորաբաժանումների կազմում», – ասել է Շոյգուն: Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով: