Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չիլիի նորանշանակ դեսպան Էդուարդո Էսկոբարը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Խաչատուրյանն արգասաբեր աշխատանք է մաղթել դիվանագիտական առաքելության ընթացքում:

Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների հեռանկարներին՝ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ թեպետ վերջին շրջանում նկատելի է հայ-չիլիական առևտրատնտեսական կապերի ակտիվացումը, սակայն առկա է այդ կապերի զարգացման զգալի ներուժ, որը կիրառելու համար ջանքեր պետք է գործադրվեն:

Նախագահը կարևորել է Հայաստանի և Չիլիի միջև միջկառավարական և միջգերատեսչական շփումները՝ տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության և գինեգործության բնագավառներում լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել է, որ պատրաստակամ է ջանքեր ներդնել հայ-չիլիական բազմաշերտ համագործակցության համար և իր օրակարգում են հաջորդ տարի կայանալիք Հայաստանի և Չիլիի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումները: Վերջիններիս շրջանակում դեսպանի խոսքով նախատեսվում են հայկական կողմի հետ անցկացնել քաղաքական և միջգերատեսչական խորհրդակցություններ՝ հետագա համագործակցության հիմնական ուղղությունները հստակեցնելու համար:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը դեսպանին է ներկայացրել տարածաշրջանային իրողությունները և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի մոտեցումները: Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման և Ադրբեջանի հետ օր առաջ խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը:

Դեսպան Էսկոբարը կարևորելով տարածաշրջանում խաղաղության հաստատումը՝ շեշտել է, որ Չիլին, միանշանակ, կողմ է հակամարտություններն առանց ուժի կիրառման լուծելու սկզբունքին, և միջազգային հարթակներում հնարավոր քայլերը կձեռնարկի՝ խաղաղության հաստատման գործընթացին նպաստելու ուղղությամբ:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման օրակարգերի և փոխադարձ բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունների վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս