«Ալ Նասր» ակումբը ռեկորդային առաջարկ է ներկայացրել Ռոնալդուին
Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը գրավիչ առաջարկ է ներկայացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
Ինչպես հաղորդում է ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուին առաջարկվել է պայմանագիր՝ մինչև 2025 թվականը՝ տարեկան շուրջ 200 միլիոն եվրո աշխատավարձով:
Ինչպես հաղորդել է իսպանական Marca պարբերականը, «Ալ Նասր»-ի առաջարկը Ռոնալդուին ռեկորդային ներդրում է ֆուտբոլում:
Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Կատարում է, որտեղ մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ռոնալդուն Մունդիալ-2022-ում անցկացրած երկու խաղում մեկ գոլի հեղինակ է դարձել՝ միևնույն ժամանակ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել աշխարհի 5 առաջնություններում:
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին: