
Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու գործն ուղարկվել է դատարան

Պարզվել են Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասելու դեպքի բոլոր հանգամանքները:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 2022 թվականի ապրիլի 13-ին՝ ժամը 00:59-ի սահմաններում, Երևան քաղաքի 59-ամյա բնակիչը, ցայտաղբյուրից ջուր վերցնելու նպատակով, իր կողմից շահագործվող «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայով մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա և Մ. Խորենացի փողոցների խաչմերուկ: Հիշյալ վայրում նկատելով Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը՝ գետնին ընկած ամրանների մոտից վերցրել է մուրճը, մոտեցել հուշարձանին և հարվածել Լեոնիդ Ազգալդյանի դիմապատկերով հուշարձանի քթի հատվածին, կոտրել այն ու դիմել փախուստի՝ պատճառելով 3.500.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 59-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով), նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նախաքննությունն ավարտվել է։ Դատավարական հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ գործն ըստ էության քննելու նպատակով: