Բռնագանձման ենթակա գումարը վճարելիս Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապաարգելադրումը կկատարվի մեկ օրվա ընթացքում. ծրագրին միացել է ևս 4 բանկ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործառույթների ավտոմատացման գործընթացը շարունակվում է:
Ինչպես հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից, այսուհետ ՎՏԲ-Հայաստան բանկի, «Էվոկաբանկի», «Արմսվիսբանկի» և «Մելլաթ բանկի» միջոցով կատարելով անհրաժեշտ վճարումը՝ քաղաքացիների գումարների ապաարգելադրումը կիրականացվի մինչև մեկ օրում։
Գործընթացի պարզեցումը հնարավոր է դարձել թվային լուծումների ներդրման շնորհիվ:
Նշվում է, որ Արդարադատության նախարարության, Կենտրոնական բանկի և առևտրային բանկերի միջև համագործակցության արդյունքում մեկնարկած ծրագիրը թույլ կտա խնայել ժամանակ, մարդկային ռեսուրսներ և ավտոմատացնել ՀԿԱԾ ապաարգելադրման ողջ շղթան։
Այսպիսով՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման պահանջ ուղարկելիս վերջինիս կողմից պատասխանն այսուհետ ստացվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ուստի բռնագանձման ենթակա գումարի ամբողջական առկայության և բռնագանձումն իրականացնելու հնարավորության դեպքում ՀԿԱԾ-ի կողմից կիրառված բոլոր տեսակի արգելանքների ապաարգելադրումը տեղի կունենա բռնագանձման գումարի չափով՝ մինչև մեկ աշխատանքային օրվա ընթացքում։
Նոր համակարգը թույլ կտա ունենալ ավելի արագ և պարզեցված գործընթաց՝ խուսափելով երկարատև վարչարարությունից։
Քաղաքացիների հաշիվներն արագ կապաարգելադրվեն՝ բացառելով մարդկային գործոնի արդյունքում սխալվելու հավանականությունը, և ՀԿԱԾ-բանկ հարաբերությունները կկարգավորվեն առավել արագ և անսխալ։
Հարկ է նշել, որ ՀԿԱԾ-ը նմանատիպ պիլոտային ծրագիր արդեն իսկ իրականացրել էր «ԱյԴի Բանկ»-ի, «Կոնվերս Բանկ»-ի և «Ամերիաբանկ»-ի հետ: Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը: