
ԱՄՆ-ը մոտ օրերս օգնություն կուղարկի Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքի վերականգնման համար

Միացյալ Նահանգները պլանավորում է մոտ օրերս Ուկրաինային տրամադրել օգնության առաջին խմբաքանակն Էներգետիկական ենթակառուցվածքի վերականգնման համար: NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Մենք կարծում ենք, որ մոտ մեկ շաբաթվա ընթացքում կարող ենք ուղարկել որոշ նյութեր՝ առաջին խմբաքանակը: Մենք դեռ տեղափոխման հետ կապված որոշ մանրամասներ ենք հստակեցնում», – ասել Է նա՝ անդրադառնալով լրագրողի համապատասխան հարցին:
Քիրբին հավելել է, որ Վաշինգտոնն արդեն ուղարկել է ռեսուրսներ, նյութեր, տեխնիկական աջակցություն և սարքավորումներ, որոնք կօգնեն որոշ չափով վերականգնել էլեկտրամատակարարումը և ջրամատակարումը: ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 29-ին հայտարարել Է, որ երկրի իշխանություններն ավելի քան 53 միլիոն դոլար կհատկացնեն Ուկրաինայի Էներգացանցերի համար սարքավորումերի գնման նպատակով:
Ըստ ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության՝ օգնության նոր մասնաբաժինը կլրացնի այն 55 միլիոն դոլարի օգնությանը, որն ավելի վաղ ԱՄՆ-ը տրամադրել Է որպես արտակարգ օգնություն Ուկրաինայի Էներգետիկ հատվածի օժանդակության համար: Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում Վաշինգտոնը Կիևին Է տրամադրել գրեթե 32 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ 145 միլիոն դոլար Ուկրաինայի Էներգետիկ ոլորտի վերականգնման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար: