Ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ նաև մի շարք ռեկորդներ սահմանելով
Հայաստանի ուժային եռամարտի հավաքականը Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս մասնակցել է XPC վարկածով փաուերլիֆտինգի աշխարհի գավաթի խաղարկությանն ու 16 ոսկե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված է եղել 18 մարզիկ՝ պատանիներ, երիտասարդներ և մեծահասակներ:
Մեծահասակների պայքարում գյումրեցի Արա Խաչատրյանը (90 կգ) աշխարհի ռեկորդով դարձել է գավաթի խաղարկության բացարձակ հաղթող և արժանացել ոսկե մեդալի, պատանիների պայքարում էլ գավաթի խաղարկության բացարձակ հաղթող է ճանաչվել Աշոտ Պետրոսյանը (90 կգ):
Մեծահասակների պայքարում գավաթի խաղարկության հաղթող են դարձել և Եվրոպայի ռեկորդ սահմանել Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Մակար Թամրազյանը (67,5 կգ): Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել են Արմեն Նիկողոսյանը (56 կգ) և Մելսիկ Մարտիրոսյանը (60 կգ), որոնք նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել:
Իրենց քաշային կարգերում հաղթող են ճանաչվել նաև Էդգար Բադալյանը (60 կգ), Նարեկ Թամրազյանը (67,5 կգ), Կամո Եղոյանը (75 կգ), Արտյոմ Սոլոյանը (90 կգ), Գոռ Հովհաննիսյանը (100 կգ), Կարեն Պետրոսյանը (110 կգ), Արտավազդ Առաքելյանը (125 կգ), Արամ Մարգարյանը (125 կգ):
Կանանց հաշվարկում աշխարհի քառակի չեմպիոն է դարձել ոստիկանության մայոր Ժաննա Շահնազարյանը:
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականն առաջին տեղն է զբաղեցրել: Հայ մարզիկները մրցավայր են մեկնել Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ և հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:
Աշխարհի գավաթի խաղարկությանը 15 երկրի շուրջ 600 մարզիկ է մասնակցել ինչպես ուժային եռամարտ, այնպես էլ սեղմում-պառկած վարժությունից:
Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի խոսքով՝ տարվա ընթացքում սա թիմի վերջին միջազգային մրցաշարն էր: Դեկտեմբերի 17-18-ին էլ Ոսկեհատի նոր վերանորոգված մարզադահլիճում կանցկացվի ուժային եռամարտի Հայաստանի առաջնությունը: