
Մունդիալ-2022. C, D խմբերում կորոշվեն փլեյ-օֆֆի մասնակիցները

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կկայանան խմբայի փուլի C, D խմբերի վերջին հանդիպումները:
C խմբում Լեհաստանը կմրցի Արգենտինայի, իսկ Սաուդյան Արաբիան` Մեքսիկայի հետ: Երկու հանդիպումները կմեկնարկեն միաժամանակ, Երևանի ժամանակով 23:00-ին: Այս խմբում վերջին տուրը որոշիչ կլինի բոլոր թիմերի համար: Լեհաստանն ունի 4 միավոր, Արգենտինան` 3, Սաուդյան Արաբիան` 3, իսկ Մեքսիկան` մեկ:
Երևանի ժամանակով 19:00-ին կկայանան D խմբի Ավստրալիա-Դանիա, Թունիս-Ֆրանսիա հանդիպումները: Այս խմբի փլեյ-օֆֆի ուղեգիր ունի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան: Ավստրալիան ունի 3, Դանիան և Թունիսը 1-ական միավոր:
Նախօրեին կայացած հանդիպումներում A և B խմբերից հաջորդ փուլի ուղեգիր էին նվաճել Նիդերլանդները, Սենեգալը, Անգլիան և ԱՄՆ-ն: