Տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառումը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառում` նվիրված հռչակավոր գիտնականի ծննդյան 140-ամյակին:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառումը մեկնարկել է թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ տուն-թանգարանի հիմնադրումն իրականացվել է մեծ գիտնականի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:

Միջոցառման ընթացքում ներկայացվել են Լևոն Օրբելու գիտական գործունեությունը և նրա կենսագրության ամենացայտուն փաստերը: Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական անձնակազմը թանգարանի այցելու-ուսանողների համար բացահայտել է ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ, Ռազմաբժշկական ակադեմիայի պետ, գեներալ-գնդապետ, Հայաստանի ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Լևոն Օրբելու բացառիկ ներդրումը գիտության ու հասարակական գործունեության բնագավառներում:

Միջոցառման մասնակից բժիշկները ներկայացրել են ֆիզիոլոգիայի նահապետ Լևոն Օրբելուն` որպես 20-րդ դարի խոշորագույն գիտնական, որն իր համարձակ հետազոտություններով, գիտական կուռ եզրահանգումներով կարողացել է բժշկագիտության և ֆիզիոլոգիայի մի շարք բնագավառներում իրականացնել արմատական առաջխաղացում, բացահայտել մարդու օրգանիզմի բնականոն և ախտաբանական գործունեության՝ մինչ այդ չպարզաբանված բազմաթիվ գաղտնիքներ և դրանով իսկ հարստացնել բժշկագիտության և ֆիզիոլոգիայի համաշխարհային գանձարանը: Խոսվել է նաև Լևոն Օրբելու անփոխարինելի մարդկային հատկանիշների, անձնական ու հասարակական կյանքում ունեցած սկզբունքների, Օրբելիների տոհմանվան եզակի արժեքների և բարոյական նկարագրի մասին:

Միջոցառման ընթացքում ցուցադրությամբ ներկայացվել են «Լևոն Օրբելին և հայ ֆիզիոլոգիան» խորագրով արխիվային լուսանկարներ:

Տեսանյութեր

Լրահոս