Էկվադորը հանձնառու է ՄԱԿ-ի հարթակում ջանքեր գործադրել մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար. ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Էկվադորի Հանրապետության նորանշանակ դեսպան Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը (նստավայրը՝ Մոսկվա):

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, շնորհավորելով նշանակման կապակցությամբ, նախագահ Խաչատուրյանը շեշտել է, որ նորանշանակ դեսպանի դիվանագիտական փորձառությունը միանշանակ ծառայելու է Հայաստանի և Էկվադորի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների առավել սերտացմանը:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի առևտրատնտեսական կապերին և նշել դրանց զարգացման առկա հնարավորությունները: Իր խոսքում նախագահը նաև շնորհավորել է Էկվադորին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ ընտրվելու կապակցությամբ և շեշտել, որ միջազգային հարթակներում Հայաստանն ու Էկվադորը շատ հաճախ են հանդես գալիս միասնական մոտեցումներով ու սկզբունքներով, ինչը շատ կարևոր է:

«Ներկայիս իրողությունների պայմաններում ՄԱԿ-ի դերակատարությունն ավելի է բարձրանում, և սրանով պայմանավորված՝ Էկվադորին ես հաջողություններ եմ մաղթում իր կարևոր և պատասխանատու պարտականությունների իրականացման գործում»,- նշել է նախագահը՝ շեշտելով, որ Հայաստանը ձգտում է խաղաղության և բարի դրացիական հարաբերությունների հաստատման՝ իր բոլոր հարևանների հետ:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ շեշտել է, որ իր համար պատիվ է ներկայացնել Էկվադորը Հայաստանում:
Խուան Ֆերնանդո Օլգին Ֆլորեսը նշել է, որ Էկվադորը հակամարտությունները քաղաքական երկխոսությամբ լուծելու, խաղաղության կողմնակից է և հանձնառու է ՄԱԿ-ի հարթակում ջանքեր գործադրել նաև մեր տարածաշրջանում խաղաղության հասնելու համար:

Դեսպանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի և Էկվադորի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և նշել, որ այս տարիների ընթացքում զգալի առաջընթաց կա, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի առևտրաշրջանառության աճի առումով:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահը կարևորել է միջկառավարական և միջխորհրդարանական շփումների ակտիվացումն, ինչպես նաև՝ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության, կրթության և գիտության ոլորտներին առնչվող երկկողմ համաձայնագրերի կնքումը, որոնք ներկայումս գտնվում են նախագծային փուլում:

Տեսանյութեր

Լրահոս