Բաժիններ՝

Սմոգը պարուրել է Հնդկաստանի մայրաքաղաքը, օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի

Նյու Դելիի որոշ հատվածներում սմոգ է, իսկ օդի աղտոտվածությունը հասել է «սաստիկ» մակարդակի: Օդում մանր մասնիկների կոնցենտրացիան թույլատրելի սահմաններից երեք անգամ բարձր է, իսկ ձմռան գալուն զուգահեռ աղտոտվածությունն էլ ավելի է վատացել: Այս մասին հաղորդում է  Sky News լրատվամիջոցը:

Դաշնային կառավարության՝ Օդի որակի և եղանակի կանխատեսման և հետազոտությունների համակարգի (SAFAR) տվյալներով՝ առաջիկա մի քանի օրերին Հնդկաստանի մայրաքաղաքում օդի վատ որակը կպահպանվի:

Քաղաքի որոշ հատվածներում օդի որակի ցուցիչը երեքշաբթի գերազանցել է 400-ը, ինչը դասակարգվում է որպես օդի աղտոտվածության «սաստիկ» կատեգորիա:

Նյու Դելին աշխարհի ամենաաղտոտված մայրաքաղաքն է: Ըստ պարբերականի՝ քաղաքի բնակիչներն ամեն ձմեռ պայքարում են շնչելու համար, քանի որ ցածր ջերմաստիճանի և կայուն քամիների պատճառով աղտոտող նյութերը գետնին ավելի մոտ են մնում:

Քաղաքի իշխանությունները տարիների ընթացքում որոշ միջոցառումներ են ձեռնարկել՝ բարելավելու օդի որակը, օրինակ՝ Դելիի հասարակական տրանսպորտն անցել է ավելի մաքուր վառելիքի, աշտարակների վերևից և ճանապարհներին ջուր են ցողում, նաև ցուրտ եղանակին վերահսկում են վառելափայտի և թափոնների այրումը:

Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ օդի աղտոտվածությունն ավելի արդյունավետ կերպով վերահսկելու համար այս միջոցառումները պետք է կիրառվեն ամբողջ հյուսիսային Հնդկաստանում և Նյու Դելիի հարևան քաղաքներում, որոնք նույնպես տուժում են օդի վատ որակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս