
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը նոյեմբերի 29-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից:
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա անդրադարձ է կատարել նաև անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:
Եվրոպայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում: