Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը երկու համերգով հանդես կգա Սանկտ Պետերբուրգում
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին համերգներով հանդես կգա Ռուսաստանի մշակութային մայրաքաղաքում՝ Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում:
Կհնչի Խաչատյանի, Սպենդիարյանի, Լիստի, Չայկովսկու և Սիբելիուսի երաժշտությունը: Համերգների մենակատարներն են՝ թավջութակահարուհի Դալի Գուցերիևան և դաշնակահար Ադամ Գուցերիևը:
Ինչպես նշում է պետերբուրգյան մամուլը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի համերգները նշանակալից իրադարձություն են Սանկտ Պետերբուրգի մշակութային կյանքում: Հայաստանի գլխավոր նվագախումբը, որը երեք տարի անց կնշի իր հիմնադրման 100-ամյակը, ազգային նվագախմբային երաժշտության կենտրոն է և պատվով է ներկայացնում Հայաստանը միջազգային ասպարեզում։
Վերջին տարիներին նվագախումբը Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում Ռուսաստանում մեծ հաջողությամբ ելույթներ է ունեցել Մարիինյան թատրոնի համերգասրահում և 2022-ի հունիսին՝ Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան համերգասրահում:
Պետերբուրգյան հյուրախաղերն անցնում են «Համաշխարհային գլուխգործոցներ» խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:
Նոյեմբերի 30-ին նվագախումբը մոտ 50 տարվա ընդմիջումից հետո հանդես կգա Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում՝ կատարելով Ա. Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, Պ.Ի. Չայկովսկու Վարիացիաներ Ռոկոկո թեմայով՝ գրված թավջութակի և նվագախմբի համար և Յ. Սիբելիուսի Սիմֆոնիա թիվ 2-ը:
Մենակատար Դալի Գուցերիևան Պ.Ի. Չայկովսկու անվան Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտ է և այժմ շարունակում է ուսումը կոնսերվատորիայում որպես ասպիրանտ։ Դալին միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, դասական երաժշտության սիրահարների շրջանում ճանաչում է ձեռք բերել որպես Ռուսաստանի տաղանդավոր երիտասարդ թավջութակահարներից մեկը։ Նա հաջողությամբ հյուրախաղեր է ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգասրահներում, համագործակցել է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Դանիայի թագավորական նվագախմբերի հետ, ելույթներ է ունեցել աշխարհի առաջատար դիրիժորների՝ Վ. Սպիվակովի, Դ. Օրենի, Ա.Վեդերնիկովի, Դ. Գերինգասի և ուրիշների հետ։
Դեկտեմբերի 1-ին Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում Ֆիլհարմոնիկի կատարմամբ կհնչի Ա. Խաչատրյանի Սյուիտը «Սպարտակ» բալետից, Ֆ.Լիստի թիվ 1 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար և Պ.Ի. Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 4-ը:
Դաշնակահար Ադամ Գուցերիևը Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցի սան է։ Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Ադամը տարբեր միջազգային մրցույթների դափնեկիր է, նա հյուրախեղերով հանդես է գալիս Ռուսաստանի ազգային, Դանիայի թագավորական և Սիլեզիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, ելույթ է ունեցել դիրիժորներ Ա. Վեդերնիկովի, Դ. Օրենի, Դ. Գերինգասի, Կ.-Լ. Վիլսոնի և այլոց հետ։