
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էմանուել Մակրոնի խորհրդականի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խորհրդականի հետ։
«Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնի, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի, Ֆրանսիայի Պաշտպանության նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարական պլանավորման վարչության պետի տեղակալ փոխադմիրալ Քրիստոֆ Լուկայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Հանդիպմանը զրուցակիցներիս հետ մտքեր ենք փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Վերահաստատել եմ Հայաստանի պատրաստականությունը նպաստելու մեր տարածաշրջանում անվտանգային միջավայրի ապահովմանը։
Գոհունակությամբ ընդգծել ենք վերջին շրջանում առավել ակտիվացած Հայաստան-Ֆրանսիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման դինամիկան։ Պայմանավորվածություն ենք ձեռքբերել շարունակել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված երկխոսությունը»,-նշել է Արմեն Գրիգորյանը։