Սահակաշվիլիի օրգանիզմում մկնդեղ են հայտնաբերել. փաստաբան
Բանտում գտնվող Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի բժշկական անալիզները ցույց են տվել նրա օրգանիզմում մկնդեղի պարունակություն: Նոյեմբերի 28-ին այդ մասին հայտնել է Սահակաշվիլիի փաստաբան Շալվա Խաչապուրիձեն: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությանը:
«Մենք առայժմ չենք ստացել եղունգների անալիզների պատասխանները, դրանք կգան այսօր, բայց հեռախոսով պարզվել Է, որ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ (թունավոր) նյութ՝ մկնդեղ»,- ասել է Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը:
Խաչապուրիձեն հավելել է, որ նոյեմբերի 28-ին՝ բավական երկար ընդմիջումից հետո առաջին անգամ, սպասվում է Սահակաշվիլիի ներկայությունը դատական նիստին՝ սահմանի ապօրինի հատման գործով: Փաստաբանի խոսքով՝ Սահակաշվիլին գտնվում է ծանր վիճակում, և նրա տեղափոխման համար պահանջվում է հատուկ աթոռ:
Ավելի վաղ Սահակաշվիլիի փաստաբան Վալերի Գելբախիանին, ինչպես նաև նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան, հայտնել էին ծանր մետաղներով, այդ թվում՝ սնդիկով նրա հնարավոր թունավորման մասին: Նրանց տվյալներով՝ այդ մասին է վկայում «Էմպատիա» հասարակական կազմակերպության բժշկական եզակացությունը, որն առայժմ չի հրապարակվել և պատրաստվում է՝ փոխանցվելու օտարերկրացի փորձագետներին: Վրաստանի իշխանությունները կոչ են անում ձեռնպահ մնալ նախկին նախագահի հնարավոր թունավորման մասին վաղաժամ եզրակացություններից: