Սոցիալիստական Ինտերնացիոնալի կոնգրեսն Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել
Նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում անցկացվեց Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի նիստը և կոնգրեսը, որին մասնակցում էին շուրջ 80 երկրների մոտ 400 պատվիրակներ։ 1907 թվականից Սոցիալիստական Ինտերնացիոնալին անդամակցող ՀՅ Դաշնակցության պատվիրակության կազմում էին Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Խորհրդի նիստը և կոնգրեսը Սոցիալիստական Ինտերնացիոնալի կարևոր քաղաքական իրադարձություններն են, երբ ընտրվում է կազմակերպության ղեկավարություն և ճշտվում առաջիկա չորս տարիների հիմնական քաղաքական առաջնահերթությունները։ Այս նստաշրջանի արդյունքում կազմակերպության նախագահ ընտրվեց Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, իսկ գլխավոր քարտուղար` Գանայի Ազգային դեմոկրատական կոնգրեսը ներկայացնող Բենեդիկտա Լասին։ ՀՅ Դաշնակցության Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը նախապես ներկայացրել էր Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձև, ինչը կոնգրեսի կողմից ընդունվեց նոյեմբերի 27-ին։
«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ հակամարտության վերաբերյալ» բանաձևով Սոցիալիստական Ինտերնացիոնալը, հաշվի առնելով 2021թ․ մայիսից Հայաստանի տարածքում ադրբեջանական ռազմական գործողությունները, մասնավորապես քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակավայրերի նկատմամբ, կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերել Հայաստանի տարածքից։ Բանաձևով նաև դատապարտվում է որևէ երրորդ կողմի մասնակցությունը հակամարտությանը։
Սոցիալիստական ինտերնացիոնալը նաև դատապարտել է հայ ռազմագերիների կալանավորումներն ու կտտանքները՝ պահանջելով գերիների ու պահվող անձանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակում։
Կոնգրեսն ըստ էության ընդունել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված չէ, արձանագրել է՝ Սոցիալիստական Ինտերնացիոնալը տևական ժամանակ ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման գործընթացում, և որ հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում։ Սոցիալիստական Ինտերնացիոնալը կարևոր է համարել Ղարաբաղյան հակամարտության լուծումը՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման ուղղությամբ և մի անգամ ևս կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններին ու առհասարակ միջազգային հանրությանը՝ շարունակել ջանքերը առարկայական բանակցությունների համար։
Կոնգրեսը նաև ընդունել է մի շարք այլ բանաձևեր՝ համերաշխություն հայտնելով աշխարհի տարբեր անկյուններում հակամարտությունների զոհ դարձող կողմերին։
ՀՅԴ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների մի շարք կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների շահերի պաշտպանության և ՀՅ Դաշնակցության արտաքին հարաբերությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ։ Նոյեմբերի 26-ին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպում և մտքերի փոխանակություն է ունեցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի Հանրապետության քարտեզագիրքը:
ՀՅ Դաշնակցությունը, արտաքին քաղաքականության իր ողջ հնարավորություններով, այսուհետ ևս շարունակելու է Հայաստանի և Արցախի հանրապետությունների շահերի միջազգային պաշտպանությանն ուղղված աշխատանքները։