Չինաստանում COVID-19-ի դեպքերի թիվը նոր ռեկորդ է սահմանել, իսկ սահմանափակումները ցույցերի պատճառ են դարձել
Հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո Չինաստանը կորոնավիրուսի դեպքերի հերթական ռեկորդային ցուցանիշն է գրանցել: Հինգ օր շարունակ Չինաստանում աճում է COVID-19-ով վարակվածների թիվը: Երկուշաբթի երկրում հաստատվել է հիվանդության 40 052 դեպք, նախորդ օրը՝ 39 506:
Հազարավոր դեպքեր են գրանցվել Գուանչժոու և Չունցին խոշոր քաղաքներում, որտեղ իշխանությունները փորձում են զսպել վիրուսի տարածումը: Այլ քաղաքներում հարյուրավոր դեպքեր են գրանցվել:
Շաբաթ և կիրակի օրերին կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բազմամարդ ցույցեր են կազմակերպվել: Շանհայում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: BBC-ն հայտնել է, որ իրավապահները ձերբակալել են ցույցերը լուսաբանող լրագրողներից մեկին և բաց են թողել ժամեր անց:
Այլ քաղաքներում, այդ թվում՝ Ուհանում և Լանչժոուում, ցուցարարները հարձակվել են COVID-ի թեստավորման կենտրոնների վրա: Բացի այդ, Չինաստանի տարբեր համալսարաններում ուսանողներն ակցիաներ են անցկացրել՝ իրենց զայրույթն արտահայտելով անցյալ շաբաթվա վերջին արևմտյան Ուրումչի քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի պատճառով, որի հետևանքով 10 մարդ էր մահացել: Քաղաքի որոշ հատվածներ 100 օր շարունակ լոքդաունում էին գտնվում, ինչն, ըստ ցուցարարների, բարդացրել է փրկարարների աշխատանքը, իսկ բնակիչները հնարավորություն չեն ունեցել փախչելու շենքից:
Պեկինում ևս ցուցարարները կիրակի կեսգիշերից հետո խաղաղ ցույց են անցկացրել:
Չինաստանում գործում է COVID-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այնտեղ վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցներ են կիրառվում՝ չնայած աշխարհի երկրների մեծ մասը չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: