Մունդիալ-2022. Իրանի հավաքականը ավելացված ժամանակում հաղթանակ կորզեց Ուելսից
Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում (B խումբ) միմյանց դեմ մրցեցին Ուելսի և Իրանի ընտրանիները:
Ար-Ռայան քաղաքի «Ահմադ Բին» մարզադաշտում կայացած խաղի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստներին նույնիսկ հաջողվեց գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն մրցավար VAR համակարգի միջոցով գնդակը չեղարկեց` գրանցելով խաղից դուրս վիճակ:
Խաղակեսի միջնամասում լավ հնարավորություն ուներ նաև Ուելսի ընտրանին, սակայն ուելսցիներն արդյունավետ չիրացրեցին հարմար դիրքում վաստակած ստանդարտ դիրքը: Գնդակին տիրելու առավելությունն Ուելսի հավաքականինն էր, սակայն առավել սուր էին ստացվում Իրանի հավաքականի հակագրոհները: Թիմերը հանդերձարան գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
Երկրորդ կեսի մեկնարկում Իրանի ընտրանու ֆուտբոլիստները սկսեցին առավել վստահ գործել. խնդիրը միայն գրոհների եզրափակման մեջ էր՝ բացակայում էր վերջին, դիպուկ հարվածը: Ուելսի հավաքականի գրոհները չէին էլ հասնում անգամմրցակցի փոքր տուգանային հրապարակին: Երբեմն Իրանի ընտրանին մեծ ուժերով պաշտպանվում էր: Հանդիպման վերջնամասում վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ ստացավ Ուելսի հավաքականի դարպասապահ Հենեսին: Իրանի հավաքականը քանակական առավելությունը գոլի վերածեց խաղի ավելացված ժամանակի վերջին րոպեին: Հեռահար, դիպուկ հարվածով աչքի ընկավ Չեշմին: Քիչ անց Իրանի հավաքականը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռեզային:
Ուելս-Իրան` 0:2:
Խմբային փուլի վերջին տուրում` նոյեմբերի 29-ին, Ուելսի ընտրանին կմրցի Անգլիայի, իսկ Իրանի հավաքականը` ԱՄՆ ընտրանու դեմ: Այս խաղից հետո Իրանի թիմ երկրորդ տեղում է և ունի երեք միավոր, Ուելսը վերջինն է` մեկ միավորով: Ավելի ուշ կկայանա Անգլիա-ԱՄՆ հանդիպումը: