Շվեյցարիան 960 հազար ֆրանկ կհատկացնի Հայաստանին՝ Ադրբեջանի վերջին ագրեսիայից տուժած համայնքներին աջակցելու համար
Շվեյցարիայի կառավարությունը նոյեմբերի 23-ին հաստատել է Հայաստանին, որպես օգնություն, 960.000 շվեյցարական ֆրանկի հատկացումը, որպեսզի աջակցի նրա սահմանամերձ համայնքներին՝ մեղմելու վերջին ռազմական բախումների ազդեցությունը։
Այս մասին հայտնում են ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչությունից, մանրամասնելով, որ «Հայաստանի սահմանամերձ համայնքների տոկունություն և տնտեսական վերականգնում – REBCA» ծրագրի շրջանակում, որպես իրականացնող կողմ, համագործակցելով ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (WFP) հետ` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) միջոցով, Շվեյցարիան անհապաղ մարդասիրական և երկարաժամկետ տնտեսական աջակցություն է ցուցաբերում Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին։
12 ամիս տևողություն ունեցող REBCA մարդասիրական ծրագիրը կպաշտպանի և կվերականգնի Հայաստանի տարածքում սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց ապրուստի միջոցները և տնտեսական ռեսուրսներ կտրամադրի ճգնաժամային իրավիճակների նկատմամբ դիմադրողականությունը բարելավելու համար: Ծրագրի թիրախում են Վարդենիս (Գեղարքունիք), Սիսիան (Սյունիք) և Ջերմուկ (Վայոց ձոր) խոշորացված համայնքների հակամարտությունից տուժած 15 սահմանամերձ բնակավայրեր, որոնց ավելի քան 1000 տնային տնտեսությունների կարիքներին ուղղակի արձագանքում կլինի։
Շվեյցարիայի կողմից ֆինանսավորվող REBCA ծրագիրը համատեղ մշակվել և իրականացվում է WFP-ի կողմից` Վորլդ Վիժն Հայաստան (WVA) կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի (CDF) և Ռազմավարական զարգացման գործակալության (SDA) ներգրավմամբ։ Ծրագրին կաջակցեն նաև Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ընտրված թիրախային տարածաշրջանների տեղական իշխանությունները: