
Սաուդյան Արաբիայում դեռ վերացնում են զոհերի պատճառ դարձած հեղեղումների հետևանքները

Սաուդյան Արաբիայի արտակարգ ծառայությունների աշխատակիցները վերացնում են սաստիկ հեղեղումների հետևանքները, որոնք նախօրեին մոլեգնել են երկրի՝ մեծությամբ երկրորդ Ջիդդա քաղաքում, հաղորդում են արաբական ԶԼՄ-ները: Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Թագավորության օդերևութաբանական ծառայությունը նոյեմբերի 25-ին հաղորդել է, որ տեղատարափները, որոնք առաջացրել են հեղեղումներ, խոշորագույնն են դարձել քաղաքում դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Ծառայության տվյալների համաձայն՝ ութ ժամ չդադարող անձրևների ընթացքում գրանցվել են 179,7 միլիմետր տեղումներ:
Մինչ այդ ռեկորդային էին համարվում 2009 թվականի տեղատարափները, երբ գրանցվել էին 111 միլիմետր տեղումներ:
Վերջին տեղեկատվության համաձայն՝ հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն երկու մարդ: Տասնյակ ավիաչվերթներ հետաձգվել են, դպրոցները փակվել են: Աբդուլազիզ թագավորի անվան միջազգային օդանավակայանի Twitter-ում զետեղվել է հաղորդագրություն, որում ուղևորներին հորդորում են նախօրոք կապվել ավիաընկերությունների հետ և ստուգել ավիաչվերթի կարգավիճակը «անբարենպաստ եղանակային պայմանների» պատճառով:
Ամբողջ քաղաքի ճանապարհները ջրածածկ են եղել: Սոցցանցերում և ԶԼՄ-ներում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է ջրի հորձանքը քշում-տանում տասնյակ մարդատար ավտոմեքենաներ: Ջիդդայում ապրում է շուրջ 4 մլն մարդ: 2009 թվականին հեղեղումը 123 մարդու կյանք էր խլել: