Ինչպե՞ս է ընթանում առևտուրը Վրաստանի և Ռուսաստանի միջև. նոր վիճակագրություն

Ապրանքաշրջանառությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև 2022 թվականի հունվար-հոկտեմբերին ավելի քան 50 տոկոսով աճել է 2021 թվականի համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ և կազմել 1,9 մլրդ դոլար, իսկ արտահանումը Վրաստանից դեպի Ռուսաստան ավելացել է ավելի քան 10 տոկոսով, հաղորդել է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայությունը:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: 2022 թվականի հունվար-հոկտեմբերին Վրաստանից ՌԴ արտահանվել է 72,4 հազար տոննա հանքային և քաղցրահամ ջուր, գրեթե 55,3 հազար տոննա բնական խաղողի գինի, 54,3 հազար տոննա ֆեռոհամահալվածք, 9,2 հազար տոննա ոգելից խմիչքներ և այլն: Ռուսաստանը մնում է Վրաստանի համար հացահատիկի և ալյուրի ամենախոշոր մատակարարը: Ըստ վիճակագրության՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբերին Ռուսաստանից ներկրել են 145,4 հազար տոննա ընդհանուր քաշով ցորենի ալյուր, ինչպես նաև մոտավորապես 125 հազար տոննա ցորեն և ձիթապտուղ:

Ռուսաստանից Վրաստան է ներկրվել նաև շուրջ 504 հազար տոննա նավթ և նավթամթերք, 178 հազար տոննա բնական և ուղեկից նավթագազ, ինչպես նաև 92 հազար տոննա կոքս ու կիսակոքս և այլն: Ռուսաստանը մնում է Վրաստանի ամենախոշոր առևտրային գործընկերներից մեկը: 2021 թվականին երկրներն ավելի քան 1,6 միլիարդ դոլարի առևտուր են արել, ինչը 23,2 տոկոսով ավելի է 2020 թվականի համեմատությամբ: Դրա հետ մեկտեղ անցյալ տարի Վրաստանից Ռուսաստան արտահանումն աճել է 38,3 տոկոսով, իսկ ներմուծումը Ռուսաստանից Վրաստան՝ 15,8 տոկոսով:

Տեսանյութեր

Լրահոս