Հայաստանի էներգետիկ շուկայի ազատականացման գործընթացում մեծ է «Հաշվարկային կենտրոն»-ի դերը

«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը նշում է գործունեության 20-ամյակը:

Ընկերության ստեղծման նպատակը եղել է ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցումը։

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, շնորհավորելով կենտրոնի 20-ամյա հոբելյանն, ընդգծեց, որ կենտրոնը Հայաստանի էներգետիկ համակարգերի կարևորագույն ընկերություններից մեկն է՝ իր գործառույթներով, որը համակարգի ներսում մատուցվող ծառայություններից զատ, յուրահատուկ դեր ունի էլեկտրաէներգիայի շուկայում:

«Ժամանակակից զարգացող երկրների էներգետիկ շուկան արդեն իսկ ազատականացված է, և Հայաստանը այս ուղղությամբ իր առաջին քայլերն է անում: Այս գործընթացում անհնար է չկարևորել «Հաշվարկային կենտրոն»-ի դերակատարությունը, քանի որ ներկայիս և ապագա մարտահրավերներին դիմակայելու համար կենտրոնն իր ակտիվ մասնակցությունն ունի Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի նոր կառուցվածքի և առևտրի մեխանիզմների հայեցակարգի մշակման գործում»,- ասաց Վահագն Խաչատուրյանը:

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ ուրախությամբ արձանագրեց, որ այս 20 տարիների ընթացքում «Հաշվարկային կենտրոն»-ը ոլորտի մյուս գործընկերների հետ բավական բարդ և կարևոր ճանապարհ է անցել:

«Այսօր, պայմանավորված շուկայի ազատականացման գործընթացով, «Հաշվարկային կենտրոն»-ի դերը, աշխատանքի բարդությունը ամբողջովին արդեն փոխել ենք: Կարծում եմ, որ այս գործընթացը, որ սկսել ենք Հայաստանում, կարևոր է ոչ միայն արդար գնագոյացման, այլ նաև բավական լավ էլեկտրոնային միջավայր ստեղծելու համար: Կարծում եմ՝ցանկացած կառույցի համար հետաքրքիր ու կարևոր է, որ իր առջև դրվեն խնդիրներ, և իրենք կարողանան դրանք հաջողությամբ լուծել»,- ասաց Սանոսյանը՝ վստահություն հայտնելով, որ «Հաշվարկային կենտրոն»-ի աշխատակազմն արհեստավարժ կկարողանա լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները:

«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Մեսրոպ Մեսրոպյանն ընդգծեց, որ հայկական էներգետիկ ոլորտն անցել է կայացման և զարգացման մի շարք հետաքրքիր փուլեր, որոնցից մեկն էլ կարելի է համարել «Հաշվարկային կենտրոն»-ի ստեղծումը: Նա նշեց, որ ընկերությունը՝ որպես ինքնուրույն միավոր, ստեղծվել է 2002 թվականին: Ընկերությունը հագեցված է Հանրապետությունում նմանատիպը չունեցող էլեկտրաէներգիայի (հզորության) ժամանակակից հաշվառման համակարգով բոլոր մակարդակներում՝ արտադրություն, տեղափոխում և բաշխում: Ընկերությունը հագեցված է նաև համապատասխան ծրագրային ապահովմամբ։

«Նշեմ, որ ՀՀ էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացմանը և միջպետական առևտրի խթանմանն ուղղված գործողությունների իրականացման համար 2017թ. մայիսի 17-ի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ Ընկերության լիցենզիայում կատարվել է փոփոխություն. «շուկայի հաշվարկային ծառայությունը» փոխարինվել է «շուկայի օպերատորի ծառայություն» բառերով և սահմանվել են լիցենզիայի նորացված պայմաններ: Սա նոր մարտահրավեր է, որին մեր թիմը լիովին պատրաստ է»,-ասաց Մեսրոպյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը նշեց, որ ավելի քան 25 տարի ԱՄՆ կառավարությունը սատարել է ՀՀ կառավարությանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկ ոլորտի հաստատություններին և մասնավոր ոլորտի էներգասպառողներին՝ Հայաստանի էներգետիկ ոլորտի ծառայությունները բարեփոխելու և բարելավելու հարցում:

Ըստ նրա՝ համագործակցության արդյունքում այսօր նշում են «Հաշվարկային կենտրոն»-ի 20-ամյակը: «Եվ շարունակական համագործակցության, և արդյունավետ աշխատանքի արդյունքում այս կենտրոնը նպաստելու է թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ինչպես նաև շուկայի մասնակիցների համար ավելի ապահով դաշտի ստեղծմանը»,- նշեց Լեյթինենը:

Միջոցառման ընթացքում «Հաշվարկային կենտրոն»-ին շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք կազմակերպություններ և անհատներ:

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրված լիցենզիայի համաձայն Ընկերությանը վերապահված է ՀՀ տարածքում էլեկտրական էներգիայի (հզորության) առևտրային հաշվառումն իրականացնելու, ինչպես նաև հաշվառված էլեկտրաէներգիայի (հզորության) վերաբերյալ ակտերը կազմելու և պայմանագրային կողմերին ներկայացնելու բացառիկ իրավունք ու պարտավորություններ, որոնք չեն կրկնվում որևէ այլ կառույցում։ Լիցենզավորված գործունեության աշխարհագրական տարածքը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքն է։

«Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ն իր գործունեությունը իրականացնում է համաձայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ էներգետիկայի մասին» օրենքի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից տրված լիցենզիայի պայմանների, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀԾԿՀ կողմից ընդունված որոշումների և նորմատիվ ակտերի, ինչպես նաև ՀՀ օրենքների և օրենսդրական ակտերի:

Տեսանյութեր

Լրահոս