Բաժիններ՝

Խաղաղօվկիանոսյան դաշինքի գագաթնաժողովը տեղի կունենա Պերուում, քանի որ Պերուի նախագահին չեն թույլատրել մեկնել Մեքսիկա

Խաղաղօվկիանոսյան դաշինքի մեջ մտնող երկրների նախագահների հանդիպումը շուտով տեղի կունենա Պերուում: Այդ մասին «Արմենպես»-ը տեղեկանում Է ՏԱՍՍ գործակալությունից: «Ղեկավարների գագաթնաժողովը շուտով կկայանա Պերուում», – Twitter-ում հայտնել Է Մեքսիկայի արտաքին գործերի նախարարությունն՝ ամփոփելով Մեխիկոյում տարածաշրջանային միավորմանը մասնակցող պետությունների նախարարների խորհրդի նիստի արդյունքները: Մեքսիկայի ԱԳՆ ղեկավար Մարսելո Էբրարդի խոսքով՝ համաժողովի անցկացման օրը հայտնի կլինի մոտ ապագայում: Խաղաղօվկիանոսյան դաշինքի կազմի մեջ են մտնում Կոլումբիան, Մեքսիկան, Պերուն և Չիլին:

Դաշինքի գագաթնաժողովը պետք Է տեղի ունենար այս շաբաթ Մեխիկոյում, և դաշինքի նախագահությունը պետք է անցներ Պերուին: Սակայն գագաթնաժողովի անցկացումը հետաձգվել Է այն պատճառով, որ Պերուի խորհրդարանը նախագահ Պեդրո Կաստիլիոյին չի թույլատրել հեռանալ երկրից: Պերուում նախագահական արտերկրյա ուղևորությունները հաստատում է խորհրդարանը: Կաստիլիոյին արգելել են հեռանալ, քանի որ նա մեղադրվում է ենթադրյալ կոռուպցիայի մեջ: Խաղաղօվկիանոսյան դաշինքը հիմնադրվել է 2011 թվականին: Մինչև համավարակը միավորման մեջ մտնող երկրներին Էր բաժին ընկնում Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ամբողջ տարածաշրջանի համախառն ներքին արդյունքի 38 տոկոսը, արտաքին առևտրի 50 տոկոսը և ներդրումների 4 տոկոսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս