Ճապոնիան մինչև 3 հազար կիլոմետր հեռահարության հրթիռներ է մշակելու
Ճապոնիայի կառավարությունն ուսումնասիրում է մինչև 3 հազար կիլոմետր հեռահարության կառավարվող հրթիռների մշակման և երկրի տարբեր մասերում, այդ թվում՝ Հոկայդոյում դրանց հետագա փուլային տեղակայման հարցը:
Այդ մասին տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: Ներկայում Ճապոնիայի սպառազինության կազմում գտնվող հրթիռների արձակման առավելագույն հեռահարությունը կազմում է 100 կիլոմետրից քիչ ավելի: Դրանք «12 տիպի հականավային հրթիռներ են»: Երկրի պաշտպանունակության բարձրացման ծրագրի շրջանակներում պաշտոնական Տոկիոն պլանավորում է դրանք արդիականացնել թռիչքի հեռավորությունը մինչև հազար կիլոմետր և փոքր-ինչ ավելի մեծացնելու նպատակով: Նաև քննարկվում է նոր հրթիռների, այդ թվում՝ 2-ից մինչև 3 հազար կիլոմետր գործողության շառավղով գերձայնային հրթիռների մշակման հնարավորությունը:
Ըստ «Մայնիտի» թերթի աղբյուրների՝ դրանց հետագա տեղակայումը ներառելու է երեք փուլ: Առաջին փուլում շուրջ 1000 կիլոմետր գործողության շառավղով կատարելագործված հրթիռները տեղակայվելու են Նանսեյ կղզում: Երկրորդ փուլում շուրջ 2 հազար կիլոմետր հեռահարության հրթիռների տեղակայումը ենթադրվում է Հոսյու կղզում: Երրորդ փուլը (հրթիռների տեղակայումը հյուսիսային Հոկայդո կղզում) ենթադրվում է շուրջ 3 հազար կիլոմետր հեռահարության հրթիռների մշակումից հետո: Հոկտեմբերի սկզբին Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Տոկիոն քննարկում է բնակչության պաշտպանության բոլոր տարբերակները, ներառյալ՝ պատասխան հարվածի հնարավորությունը: