Ուկրաինայում առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել, Բրիտանիայի ՊՆ-ն Կիևին կոչ է արել ձմռանը պահպանել գործողությունների տեմպը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ուկրաինական զորքերին կոչ է արել ձմռան ամիսների ընթացքում պահպանել տեմպը և շարունակել ռուսական ուժերի վրա հարձակումները: The Daily Beast պարբերականին տված հարցազրույցում Ուոլեսը նշել է, որ Կիևն ունի 300 հազար միավոր արկտիկական մարտական սպառազինություն, որը ստացել է միջազգային հանրությունից:
Միևնույն ժամանակ Կիև է մեկնել Բրիտանիայի արտգործնախարար Ջեյմս Քլևերլին: Այցի ընթացքում նա կհայտարարի Ուկրաինային լրացուցիչ ֆինանսական օգնություն հատկացնելու մասին: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ 3 միլիոն ֆունտ ստեռլինգ կտրամադրվի կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնման և 5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ աղքատ երկրներ հացահատիկի արտահանման համար:
Կիևի քաղաքային վարչությունն էլ հայտնել է, որ նոյեմբերի 23-ի հրթիռակոծությունից հետո քաղաքի բնակչության կեսը դեռ մնում է առանց էլեկտրականության: Իրականացվում են հոսանքի վթարային անջատումներ, հոսանքազրկումների գրաֆիկը ժամանակավորապես չի գործում:
Այս ընթացքում Ուկրաինայում շարունակվում են 9 ամիս առաջ սկսված ռազմական գործողությունները: Հատկապես ակտիվ գործողություններ են ընթանում Լուգանսկի և Դոնեցկի մարզերում: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի՝ ուկրաինական զինուժը նշված մարզերի տարբեր բնակավայրերում հետ է մղել ռուսական ուժերի հարձակումները: Գերատեսչությունը նշում է, որ Կրիվոյ Ռոգի և Խերսոնի ուղղություններում ևս շարունակվել են գնդակոծությունները ուկրաինական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ: Այնուամենայնիվ, առաջնագիծը էական փոփոխությունների չի ենթարկվել:
Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ «Մագադան» սուզանավը թևավոր հրթիռներ է արձակել ծովային և ափամերձ թիրախների:
Իսկ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական միլիցիայից հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերն օրական մի քանի անգամ փորձում են ճեղքել շփման գիծը ԼԺՀ-ում, սակայն նրանց փորձերը հաջողությամբ չեն պսակվում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսական կողմը նաև հայտնել է, որ ուկրաինական ուժերը HIMARS համակարգերից հրթիռ են արձակել ԼԺՀ-ի Սվատովո բնակավայրի վրա, իսկ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վրա օրական միջինը 350 զինամթերք է արձակվում:
Ի դեպ, կողմերի միջև երեկ գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել՝ «50-ը 50-ի դիմաց սկզբունքով»: