Բրազիլիայի հավաքականի մարզիչը վստահեցնում է` Նեյմարը կշարունակի ելույթները Մունդիալում
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կշարունակի ելույթներն աշխարհի առաջնությունում: Այս մասին գրում է Reuters-ը` մեջբերելով Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեի խոսքերը.
«Մենք վստահ ենք, որ Նեյմարը կշարունակի խաղալ, նա կշարունակի հանդես գալ աշխարհի առաջնությունում: Վստահ եմ, որ նա կհաղթահարի այս ամենը»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրի Սերբիայի հետ խաղում: Հանդիպումն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով: Նեյմարը փոխարինվել է 79-րդ րոպեին։
Նեյմարը 30 տարեկան է, 2017-ին իսպանական «Բարսելոնա»-ից տեղափոխվել է ֆրանսիական ՊՍԺ ՝ ռեկորդային 222 միլիոն եվրոյով:
Բրազիլիայի հավաքականի կազմում նա դարձել է 2013-ի Կոնֆեդերացիաների գավաթակիր և 2016-ի օլիմպիական չեմպիոն: Հարձակվողն ազգային թիմի կազմում անցկացրել է 121 հանդիպում եւ խփել 75 գոլ։