ՀԱՊԿ-ն միշտ պատրաստ է միջազգային կառույցների հետ համագործակցության. Զախարովա
ՀԱՊԿ-ը միշտ բաց է շահագրգիռ կողմերի, միջազգային կառույցների հետ համագործակցության համար: Կազմակերպությունը միշտ պատրաստ է երկխոսության իրավահավասարության և հարգանքի հիման վրա։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ամենից շատ որ միջազգային կառույցների հետ համագործակցության կարիք ունի ՀԱՊԿ-ն:
«Ակնհայտորեն կան մի շարք ոլորտներ, որտեղ նման համագործակցությունը փոխօգտակար կլիներ։ Խոսքն առաջին հերթին միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելն է, ներառյալ՝ միջազգային ահաբեկչությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, տեղեկատվական անվտանգությունը։ Կան նաև ոչ պակաս կարևոր ոլորտներ, որտեղ ջանքերի պրակտիկ միավորումը չափազանց պահանջված կլիներ Եվրասիական տարածքում խաղաղության, անվտանգության ապահովման տեսանկյունից», – ասել է նա։
Զախարովան հավելել է, որ ժամանակին համագործակցության առաջարկ է ուղարկվել նույնիսկ ՆԱՏՕ-ին, սակայն այն անպատասխան է մնացել: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ առաջնահերթ գործընկերների թվում ՀԱՊԿ-ն տեսնում է ԱՊՀ-ի երկրները և Շանհայի համագործակցության կազմակերպությունը:
Դիվանագետը նշել է, որ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ կազմակերպության անդամ երկրները ստորագրել են որոշում ԱՊՀ երկրների և ՇՀԿ-ի հետ համագործակցելու մտադրության վերաբերյալ, ինչը խթան կհանդիսանա տվյալ կազմակերպությունների միջև պրակտիկ համագործակցություն հաստատելու համար: Զախարովան հայտնել է նաև ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցության մասին: