Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ավտոմեքենաներով
Հայաստանի շտապբուժօգնության պարկը համալրվել է 39 նոր ժամանակակից ավտոմեքենաներով: Շտապբուժօգնության նոր մեքենաները Հայաստանին է նվիրաբերել Ճապոնիայի կառավարությունը:
Այրվածքաբանության ազգային կենտրոնի բակում շտապօգնության նոր մեքենաների հանձնման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա էին նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման և այլ պաշտոնատար անձինք:
Վարչապետը ներկաների հետ շրջեց և ծանոթացավ մեքենաների հնարավորություններին: Պատասխանատուներն էլ ընդգծեցին, որ վերջիններս հագեցած են ժամանակակից բժշկական սարքերով, օժանդակ պարագաներով:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ շտապբուժօգնության մեքենաները մեր երկրին են նվիրաբերվել Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև 2020 թվականի հունիսի 30-ին կնքված «Տնտեսական և սոցիալական զարգացում» դրամաշնորհի համաձայնագրի շրջանակում:
«Հայաստանին տրամադրված շտապօգնության նոր սերնդի` ընդհանուր թվով 39 ավտոմեքենայից 35-ը գծային շտապօգնության մեքենա է, 4-ը` ռեանիմոբիլ: Ծրագրի արժեքը կազմել է 3,5 մլն դոլար: Նոր մեքենաները համալրելու են Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունը, քանի որ ունենալու ենք մեկ միասնական, ստանդարտներին համապատասխանող լրակազմ: Նոր մեքենաները համալրված են ժամանակակից, վերջի ստանդարտներին համապատասխանող սարքավորումներով: Վստահ ենք, որ սրա արդյունքում բժշկական օգնության որակը միանշանակ կբարձրանա»,- ասաց Ավանեսյանը:
ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման ընդգծեց, որ ծրագիրը, որով Հայաստանը Ճապոնիայից նվեր է ստանում շտապօգնության մեքենաները, Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև ստորագրվել է՝ նպատակ ունենալով պայքարել Քովիդ 19-ի դեմ:
«Այսօր ես շատ ուրախ եմ , որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին են հանձնվում վերջին սերնդի շտապօգնության մեքենաներ: Վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանը և Ճապոնիան զարգացրել են բարեկամական հարաբերություններ»,- ասաց դեսպանը:
Նա հավելեց, որ առողջապահական ծառայությունների բարելավումը Ճապոնիայի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության առաջնահերթություններից է: