Աներորդին միացել էր վեճին և մեքենայի միջից կրակոց արձակել
Հոկտեմբերի 20-ին Արտաշատի համայնքային ոստիկանները ստացել էին հավաստի տեղեկություն, որ նախորդ օրը, երեկոյան, Վերին Արտաշատ գյուղում երկու հարևան վիճել են, այդ ընթացքում «Օպել Զաֆիրա» մակնիշի մեքենայով վիճողներին է մոտեցել նրանցից մեկի աներորդին և մեքենայի միջից կրակոց արձակել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում վիճողները` 39 և 36 տարեկան տղամարդիկ, ներկայացվել են բաժին:
Պարզվել է, որ վեճը վերաճել էր քաշքշուկի, միջամտել էր նրանցից մեկի մայրը, որը ստացել էր ձեռքի վնասվածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում էլ ոստիկանները շարունակել են միջոցառումները` կրակող աներորդուն և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ի երեկոյան վարչություն է եկել նույն գյուղի 35-ամյա բնակիչ աներորդին և ներկայացրել «Կալաշնիկովի» ինքնաձիգ՝ առանց պահունակի:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: