Բաժիններ՝

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են Իրանի կողմից միջուկային զենքի մշակման տվյալների բացակայության մասին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) չի կարծում, թե Իրանն անհրաժեշտ է միջուկային տերություն ճանաչել, չկա տեղեկատվություն երկրում միջուկային զենքի մշակման վերաբերյալ: Այդ մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որը հեռարձակվել է նոյեմբերի 20-ին:

Նրան հարցրել են, թե Իրանը որքան է մոտ միջուկային ռումբի ստեղծմանը: «Հարստացված ուրանի արտադրության ներկայիս մակարդակում Իրանն արդեն բավականին նյութ է կուտակել մեկից ավելի սարք ունենալու համար, եթե նրանք որոշեն դա անել: Բայց մենք ոչ մի տեղեկատվություն չունենք, որը նշեր, թե Իրանն այս պահին միջուկային զենքի մշակման ծրագիր ունի»,- նշել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Նրանից նաեւ հետաքրքրվել են, թե հասել են արդյոք անդառնալի կետին Իրանի հետ հարաբերություններում, եկել է արդյոք երկիրը միջուկային տերություն ճանաչելու ժամանակը:

«Ո՛չ, մենք դեռ չենք հասել այդ կետին: Բայց մենք պետք է շատ-շատ աշխատենք դրան չհասնելու համար»,- եզրափակել է Գրոսին: Նոյեմբերի սկզբին նա հայտարարել է, որ Թեհրանն այս պահին կատարում է իր պարտավորություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ պլանի վերաբերյալ (ԳՀՀՊ):

ԳՀՀՊ-ն Իրանի հետ ստորագրվել է 2015 թվականին ՄԱԿ-ի Անվտագության խորհրդի մշտական «հնգյակի» եւ Գերմանիայի կողմից նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով: 2018 թվականին ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել այդ համաձայնությունից դուրս գալու մասին:

Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Թեհրանի հետ միջուկային գործարքին՝ Վաշինգտոնի վերադառնալու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսնան անցյալ տարվա ապրիլից Իրանի հետ բանակցություններ են վարում Վիեննայում ԳՀՀՊ-ն իր սկզբնական տեսքով վերականգնման շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս