Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը դասական երաժշտության սիրահարներին խոստանում է երաժշտական հետաքրքիր հանդիպումներ
Երևանում դեկտեմբերի 6-20-ը կանցկացվի Խաչատրյանի անվան 10-րդ միջազգային փառատոնը։ Հոբելյանական փառատոնի շրջանակներում կներկայացվի 5 համերգ։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի նախաձեռնողը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն է՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։
Երաժշտական այս տոնն ամեն տարի Հայաստանում հյուրընկալում է մեծահամբավ երաժիշտների։ Նախորդ 9 տարիների ընթացքում ելույթ են ունեցել ականավոր արտիստներ Մաքսիմ Վենգերովը, Ալեքսանդր Ռոմանովսկին, Ջոն Մալկովիչը, Սերգեյ Խաչատրյանը, Գոթյե Կապյուսոնը և այլք։
Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, այս տարի նույնպես մեր ունկնդիրներին սպասվում են երաժշտական հետաքրքիր հանդիպումներ. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան թավջութակահարներ Սևակ Ավանեսյանը, Անաստասիա Կոբեկինան, ջութակահար Կարմինե Լաուրին, դաշնակահար Մասսիմո Սպադան։ Փառատոնի համերգները կղեկավարեն դիրիժորներ Սերգեյ Սմբատյանը և Ջորջ Փեհլիվանյանը։
Փառատոնի բազմազան երկացանկում Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կողքին կհնչեն նաև Սերգեյ Պրոկոֆևի, Միխայիլ Գլինկայի, Ալեքսանդր Բորոդինի, Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի, Լեոնարդ Բերնսթայնի, Ֆրիդրիխ Գուլդայի, Անտոնին Դվորժակի ստեղծագործությունները։
Խաչատրյանական փառատոնի ընթացքում, ինչպես ամեն տարի, նվագախումբը կներկայացնի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագիրը՝ կատարելով Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։ Որպես մենակատար հանդես կգա դաշնակահար Վահագն Հայրապետյանը։
Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերից Եվրոպական փառատոների ասոցիացիայի (The European Festivals Association, EFA) անդամ է։